Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան մատակարարումների նկատմամբ սահմանված սահմանափակումները, եթե ի հայտ գան անասնաբուժական անվտանգության հետ կապված նոր ռիսկեր։ Այս մասին, Օբյեկտիվ.am-ը տեղեկացավ ՏԱՍՍ-ից, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ձկնորսության դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն արդեն սահմանափակել է Հայաստանից կենդանի ձկան ներմուծումը։
«Եթե բացահայտվեն գործոններ, որոնք կարող են անասնաբուժական ռիսկեր առաջացնել և ազդել մեր անասնաբուժական անվտանգության վրա, ապա, անշուշտ, կհետևեն նաև հետագա քայլեր»,- նշել է Շեստակովը։
Նա հավելել է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվում է ոչ միայն կենդանի, այլև սառեցված և սառը մշակված ձուկ։
Շեստակովի գնահատմամբ՝ Հայաստանը հատկապես իշխան ձկան մատակարարումների առումով զգալի մասնաբաժին է ունեցել ռուսական ներմուծման շուկայում, սակայն հնարավոր սահմանափակումները չեն ազդի Ռուսաստանի ներքին շուկայի ապահովվածության վրա։
«Մենք ունենք իշխանի սեփական արտադրության բավարար ծավալներ, իսկ ներմուծման բացը կլրացվի այլ երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից իրականացվող մատակարարումների հաշվին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվել է հունիսի 3-6-ը։ Համաժողովի գլխավոր թեման եղել է «Պրագմատիկ երկխոսություն՝ կայուն ապագայի ճանապարհ»։
