Ժամը 17։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 57 ահազանգ, ձերբակալվել է 14 անձ

Հունիսի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 57 ահազանգ։ Այս մասին Օբյեկտիվ.am-ը տեղեկացավ ՆԳՆ-ից։

Գերատեսչության տվյալներով՝ արձանագրվել է կրկնաքվեարկության 19, քվեարկության գաղտնիության խախտման 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու 2, ընտրակաշառք տալու 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք։ Նշված դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 14 անձ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 198 տեղեկությունները գտնվում են ստուգման փուլում։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ, իսկ ընտրություններին մասնակցելու նպատակով ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 916 անձ։

Նշվում է նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 820 զանգ։

Բացի այդ, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 1250 քաղաքացու։