Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության մեկնարկից հետո տարբեր ընտրատեղամասերից հաղորդվում են ընտրական գործընթացի հետ կապված մի շարք խախտումների մասին։
«Հայաքվե» նախաձեռնության տվյալներով՝ ժամը 09։00-ի դրությամբ Կապանի 35/2 ընտրատեղամասի հարակից տարածքում դեռևս փակցված են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառները։
Ժամը 08։30-ի դրությամբ արձանագրված խախտումների թվում են՝
- 8/9 ընտրատեղամասում, ըստ ահազանգի, խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը։
- Վանաձորի 23/51 ընտրատեղամասում քվեախցիկներից մեկի հետևում հնարավոր է նկատել շարժը, իսկ մյուսի հետևի պատուհանից՝ հետևել քվեարկության ընթացքին։
- 3/13 ընտրատեղամասում քվեատուփը տեղադրված է եղել մուտքի դռան դիմաց, ինչպես նաև արձանագրվել է բաց քվեարկության փորձ։
- Երևանի թիվ 95 մանկապարտեզում տեղակայված 7/46 ընտրատեղամասում բացակայել է էլեկտրամատակարարումը։
- 10/1 ընտրատեղամասի մուտքի հարևանությամբ հայտնաբերվել են քարոզչական պաստառներ։
- Աջափնյակ վարչական շրջանում գտնվող 6/3 և 6/50 ընտրատեղամասերի վրա բացակայել են տեղամասերի անվանումները, ինչի հետևանքով քաղաքացիները դժվարությամբ են գտել քվեարկության վայրը։
- Երևանի 7/40 ընտրատեղամասում օգտագործվող ծրարները, ըստ ահազանգի, թափանցիկ են եղել, ինչի պատճառով քվեարկության գաղտնիությունը կարող էր վտանգվել։
Միաժամանակ, BIG BROTHER տելեգրամյան ալիքը տեղեկացրել է, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը կուսակցական շրջանակներում հայտարարել է, թե Նորապատ համայնքում «Ուժեղ Հայաստանը» ձայներ չի ստանալու, քանի որ բոլորին հանձնարարված է լինելու քվեաթերթիկից դուրս հանել թիվ 3 տարբերակը։
Նշված տեղեկությունների վերաբերյալ պաշտոնական մարմինների արձագանքը դեռևս չի հրապարակվել։
Օբյեկտիվ.am-ը հետևում է ընտրական գործընթացի զարգացմանը և կներկայացնի նոր տեղեկություններ դրանց հրապարակման դեպքում։
