Իրանն անցել է պատասխան հարվածների․ թիրախավորվել են ԱՄՆ-ի ռազմաբազաները Մերձավոր Արևելքում

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել։ Իրանի պետական Press TV-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի հարվածներին ի պատասխան իրանական ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։
Հաղորդման համաձայն՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել են Քուվեյթում տեղակայված ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգը, զինամթերքի պահեստը և ռադարային կայանը։ Բացի այդ, Իրանը հայտարարել է Կատարում գտնվող Ալ Ուդեյդ ավիաբազայի, Օմանի Դուկմ նավահանգստի լոգիստիկ կենտրոնների և ավիակիրների վերալիցքավորման հարթակների, ինչպես նաև Բահրեյնում կապի և ռադարային հանգույցների խոցման մասին։
Միաժամանակ Reuters-ը, հղում անելով իրանական կողմին, հաղորդում է, որ Թեհրանը հայտարարել է նաև Հորդանանի արքայազն Հասան ավիաբազայում գտնվող MQ-9 անօդաչու թռչող սարքերի հրամանատարական կենտրոնի և անգարների ոչնչացման մասին։
Այս ֆոնին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ այս շաբաթ երեք հարվածային ալիքների ընթացքում Իրանում խոցել է ավելի քան 300 թիրախ։
«Գերագույն հրամանատարի ցուցումով CENTCOM-ը հարվածել է ավելի քան 300 թիրախների՝ Իրանի՝ առևտրային նավատորմի վրա հարձակվելու կարողությունը նվազեցնելու նպատակով»,– ասված է հրամանատարության տարածած հայտարարությունում։
Նշվում է, որ կողմերի ներկայացրած տեղեկությունների մի մասը դեռևս չի ստացել անկախ հաստատում։