ՆԳՆ-ն փոխել է պահանջված համարանիշների չափորոշիչները․ արժեքը կհասնի մինչև 8 մլն դրամի

ՀՀ ներքին գործերի նախարարությունը սահմանել է մեծ պահանջարկ ունեցող տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների նոր չափորոշիչներ, որոնց արժեքը, ըստ սահմանված գնային սեգմենտների, կարող է հասնել մինչև 8 մլն դրամի։

ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանի խոսքով՝ նոր չափորոշիչներով նախատեսվել են համարանիշների նոր համադրություններ։ Դրանցում մի կողմում պարտադիր կլինեն զրոներ՝ ֆիզիկական անձանց համար՝ երկու, իրավաբանական անձանց համար՝ երեք։ Լատինական տառերը կարող են լինել նույնը, կրկնվող կամ տարբեր, իսկ թվերի հատվածում կամ նույն թիվը կկրկնվի երեք անգամ, կամ երեք թվերից երկուսը նույնը կլինեն, օրինակ՝ «121» ձևաչափով։

Նրա խոսքով՝ նոր համադրությունները ներառվել են միայն 250 հազարից մինչև 8 մլն դրամ արժողությամբ սեգմենտներում։ Օրինակ՝ 250 հազար դրամ արժողությամբ համարանիշի ձևաչափ կարող է լինել «00 AB 771», իսկ 600 հազար դրամանոց տարբերակը՝ «XX AB 000»։

Մարանդյանը նաև պարզաբանել է, որ փոփոխությունները վերաբերում են միայն այն տրանսպորտային միջոցներին, որոնց հաշվառման համարանիշները բաղկացած են 7 նիշից՝ 5 թվից և 2 լատինական տառից։ Հետևաբար, նոր չափորոշիչները մոտոցիկլետների համարանիշների վրա չեն տարածվում։