Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումն ու տարանցումը

Ռոսսելխոզնադզորը հայտարարում է, որ 2026 թվականի հունիսի 12-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանի ծագում և ուղարկման վայր ունեցող ամբողջ կարանտինային վերահսկման ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։

Գերատեսչության հաղորդմամբ՝ որոշումը կգործի մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության և հետագծելիության հստակ վերահսկողական մեխանիզմների ձևավորումը։

Նշվում է, որ սահմանափակումները կապված են կարանտինային օբյեկտների կրկնվող հայտնաբերումների հետ։ Վերջին ամիսներին, ըստ ռուսական կողմի, արդեն փուլային կերպով սահմանափակվել էր Հայաստանից ներմուծվող որոշ տեսակի գյուղատնտեսական արտադրանքի մուտքը, ինչպես նաև հայկական կողմին բազմիցս փոխանցվել էին տեղեկություններ հայտնաբերված խախտումների վերաբերյալ։

Ռոսսելխոզնադզորը հայտնում է, որ հունիսին արձանագրվել է երեք դեպք՝ Հայաստանից ներմուծված ընկույզներում, չորացրած դեղձերում և չորացրած լոլիկներում հայտնաբերվել է կարանտինային վնասատու։

Գերատեսչությունը նշում է, որ այս իրավիճակը վկայում է հայկական համապատասխան վերահսկող մարմնի կողմից իրականացվող բուսասանիտարական հսկողության թերությունների մասին և կարող է վտանգել Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի բուսասանիտարական անվտանգությունը։

Տեղեկատվական մասում հիշեցվում է, որ նշված վնասատուն կարող է լուրջ վնաս հասցնել պահեստավորված գյուղմթերքին, խախտել արտադրական շղթաները և առաջացնել զգալի տնտեսական կորուստներ, այդ թվում՝ արտահանման շուկաների սահմանափակումների ռիսկ։