Ադրբեջանի քաղաքացիներով նավերը ենթարկվել են հարձակման․ 5 զոհ, 3 վիրավոր

Օբյեկտիվ․am-ը տեղեկացավ RBK-ից, որ Ազովի ծովում՝ Տագանրոգի մերձակայքում, անօդաչու սարքերի հարվածների են ենթարկվել «Նատրա» և «Ցիրկոն» բեռնատար նավերը, որոնց վրա եղել են Ադրբեջանի 25 քաղաքացիներ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 3 ադրբեջանցի քաղաքացի։ Վիրավորները հոսպիտալացվել են Եյսկ քաղաքի հիվանդանոց։

Նշվում է, որ «Նատրա» նավը ստացել է չորս հարված, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ, իսկ «Ցիրկոն» նավի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել են ևս երեք հոգի։ Փրկվածներին տեղափոխել են Եյսկի նավահանգիստ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ դեպքի առնչությամբ կապի մեջ է համապատասխան կառույցների հետ, իսկ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները մեկնել են դեպքի վայր։