Ծնողները կարող են վճարվող ազատ ժամ ստանալ․ նոր նախագիծ ԱԺ-ում

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել աշխատող ծնողների սոցիալական երաշխիքները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի ներկայացմամբ՝ «ծնողական ժամի» շրջանակում մինչև 12 տարեկան մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողները կկարողանան օրական կես ժամ բացակայել աշխատանքից՝ պահպանելով վարձատրությունը։ Երեք և ավելի երեխա ունեցող ծնողների համար նախատեսվում է մեկ ժամ վճարվող բացակայություն։

Նախագծով նաև առաջարկվում է, որ հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխաների ծնողները, անկախ երեխաների թվից, ունենան օրական մեկ ժամ վճարվող բացակայության իրավունք։ «Ծնողական ժամից» կարող են օգտվել ինչպես մայրերը, այնպես էլ հայրերը։

Միաժամանակ, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է արգելել օնլայն կազինոներում խաղալ այն անձանց, որոնք աշխատում են պետական կառավարման համակարգում և աշխատավարձ են ստանում պետական կամ համայնքային բյուջեներից։

Նախագծի հեղինակի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է պաշտպանել քաղաքացիներին խաղային կախվածությունից և նվազեցնել օնլայն կազինոների հետևանքով առաջացող սոցիալական խնդիրները։