Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում մի շարք փոփոխություններ կատարել։
Նախագծով առաջարկվում է օգոստոսի 11-ը սահմանել որպես Նավասարդի տոն՝ ազգային ավանդույթների, մշակույթի և հայերի միասնության օր։ Ըստ հեղինակի՝ տոնը կարող է նպաստել ազգային արժեքների պահպանմանը, ինչպես նաև սփյուռքահայերի ներգրավմանը և Հայաստան այցելությունների խթանմանը։ Օրը նախատեսվում է պահպանել որպես աշխատանքային։
Օրինագծով առաջարկվում են նաև այլ փոփոխություններ, մասնավորապես՝ ազգային փոքրամասնություններին վերաբերող որոշ տոնական և հիշատակի օրերի կարգավիճակի վերանայում, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներին հաջորդող մեռելոց-հիշատակի օրերի հետ կապված կարգավորումներ։
Նախաձեռնությամբ առաջարկվում է նաև Երևանի օրվա օրինակով սահմանել մարզային տոնական օրեր, որոնք, ըստ հեղինակի, կարող են նպաստել ներքին զբոսաշրջության զարգացմանը։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, իսկ Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք կքննարկվեն առաջին և երկրորդ ընթերցումների միջև։
Նոր տոն Հայաստանի օրացույցում
