Մտել է հյուրանոցի սենյակ, տարել բանկային քարտն ու գումարը․ գործը դատարանում է

Երևանի քրեական դատարան է մուտքագրվել Ն․ Մ․-ի վերաբերյալ քրեական գործը։

Ըստ մեղադրանքի՝ նա, ապօրինի մուտք գործելով Երևանի Իսակովի պողոտայի 81/4 հասցեում գտնվող «Արգավանդ» հյուրանոցային համալիրի սենյակ, որը հանդիսացել է Հ․ Գ․-ի մշտական բնակության վայրը, գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող «ԱմիոԲանկ»-ի բանկային քարտը և 26 հազար դրամ կանխիկ գումար։

Մեղադրանքի համաձայն՝ Ն․ Մ․, առանց իրավաչափ թույլտվության օգտագործելով բանկային քարտի տվյալները, քարտից նաև հափշտակել է 1 200 դրամ։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 257-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործը հուլիսի 10-ին մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին։ Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ դատարան ուղարկված մեղադրանքը դեռևս չի նշանակում անձի մեղավորության հաստատում․ մեղավոր կամ անմեղ լինելու հարցը որոշվում է միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։