ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ նախկին ամուսինների միջև ալիմենտի պարտավորությունը կարող է տարածվել ոչ միայն երեխաների, այլ նաև նախկին ամուսնու կամ կնոջ վրա՝ որոշակի պայմանների առկայության դեպքում։
Օրենքի 78-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ նախկին ամուսինը կարող է դատական կարգով պարտավորվել ֆինանսական աջակցություն ցուցաբերել մյուս կողմին, եթե վերջինս ունի բավարար նյութական միջոցներ։
Կարդացեք նաև`
Մասնավորապես, նախկին կինը կարող է ալիմենտ ստանալ հղիության ընթացքում, ինչպես նաև այն դեպքում, երբ խնամում է ընդհանուր երեխային՝ մինչև երեխայի երեք տարին լրանալը։
Ֆինանսական աջակցություն նախատեսվում է նաև այն նախկին ամուսնու համար, որը խնամում է հաշմանդամություն ունեցող ընդհանուր երեխայի կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող չափահաս զավակի։
Բացի այդ, օրենքը հնարավորություն է տալիս ալիմենտ պահանջել անաշխատունակ նախկին ամուսնուն, եթե նա հաշմանդամություն է ձեռք բերել մինչև ամուսնալուծությունը կամ ամուսնալուծությունից հետո՝ մեկ տարվա ընթացքում։
Կենսաթոշակային տարիքի հասած նախկին ամուսինը նույնպես կարող է ալիմենտ ստանալ, եթե ամուսնալուծությունից հետո անցել է առավելագույնը հինգ տարի, իսկ ամուսնությունը տևել է առնվազն 15 տարի։
Ալիմենտի չափը և վճարման կարգը սահմանվում են դատարանի կողմից՝ հաշվի առնելով կողմերի նյութական և ընտանեկան վիճակը, կամ կարող են կարգավորվել փոխադարձ համաձայնությամբ։ Վճարումները սովորաբար իրականացվում են անկանխիկ ձևով՝ ամսական պարբերականությամբ։
