ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների ընթացքի մասին․ գործընթացը ընթանում է բնականոն

Ազգային ժողովի ընտրությունների ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։Նրա խոսքով՝ բոլոր ընտրատեղամասերը առավոտյան ժամը 07։00-ից սկսել են աշխատանքը, իսկ ժամը 08։00-ից արդեն ընդունում են ընտրողներին։ Հովակիմյանի գնահատմամբ՝ քվեարկության գործընթացը ներկայումս ընթանում է բնականոն պայմաններում։«Ժամը 08։00-ի դրությամբ գործընթացը ընթանում է բնականոն։ Այս ընթացքում եղել են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք արագ կարգավորվում են»,– նշել է նա։ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ ընտրությունների կազմակերպման նախապատրաստական փուլում հանձնաժողովը վերապատրաստել է շուրջ 4000 տեխնիկական աշխատակիցների, ինչպես նաև մոտ 16 հազար տեղամասային հանձնաժողովների անդամների։«Ընտրություններից անմիջապես առաջ հատուկ դասընթացներ են անցկացվել նաև հանձնաժողովների նախագահների և քարտուղարների համար»,– հավելել է Վահագն Հովակիմյանը՝ շեշտելով, որ գործընթացի նպատակը առավել կազմակերպված և թափանցիկ ընտրությունների անցկացումն է։