Կառավարությունն առաջարկում է փոխել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման կարգը։ Նախագծով նախատեսվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ նպաստը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Միաժամանակ ծառայությունը կդառնա հիմնականում ամբողջությամբ առցանց և կգործի ինքնաշխատ եղանակով։
ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով նախատեսվում են փոփոխություններ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման կարգում։
Նախագծի համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո ծնված երեխաների համար երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ծնված երեխաների դեպքում կշարունակեն գործել ներկայիս՝ երեխայի կարգաթվով պայմանավորված չափերը։
Առաջարկվում է նաև, որ նպաստ ստանալու համար դիմումը կամ առցանց տեղեկատվությունը ներկայացվի մինչև երեխայի մեկ տարին լրանալու ամսվա վերջին օրը։ Այդ ժամկետից հետո ներկայացված դիմումները կմերժվեն։
Փոփոխություններով նախատեսվում է նաև ընդլայնել առցանց ծառայությունները։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստը հիմնականում կնշանակվի բացառապես առցանց եղանակով, իսկ համապատասխան պետական տեղեկատվական համակարգերում առկա տվյալների հիման վրա որոշ դեպքերում այն կնշանակվի կամ կմերժվի ինքնաշխատ՝ առանց մասնագետի միջամտության։
Թղթային կամ ոչ առցանց ընթացակարգը կպահպանվի միայն բացառիկ դեպքերում, այդ թվում՝ արտերկրում ծնված երեխաների, դիվանագիտական ծառայության աշխատակիցների ընտանիքների, խնամակալների և այն իրավիճակներում, երբ պետական շտեմարաններում առկա տվյալները բավարար չեն նպաստ նշանակելու համար։
Կառավարության հիմնավորմամբ՝ փոփոխությունների նպատակը «Պետական նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունների կիրարկումն է, ինչպես նաև հանրային ծառայությունների թվայնացումն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների պարզեցումը։ Միաժամանակ նշվում է, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություն չի առաջացնի։
