Վթարից հետո ճանապարհը 15 րոպեում չազատելու դեպքում կտուգանեն․ Ավինյանը՝ նոր նախաձեռնության մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Ազգային ժողովում քննարկվում է Երևանի ՏԻՄ նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություն ավտովթարների դեպքում ճանապարհների արագ ազատման նպատակով։

Նախագծի համաձայն՝ ավտովթարի մասնակիցները պարտավոր կլինեն 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և ամբողջությամբ ազատել ճանապարհը։ Բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ վթարի հետևանքով կան տուժածներ կամ տրանսպորտային միջոցն այնպիսի վնասվածքներ է ստացել, որ հնարավոր չէ տեղափոխել առանց քարշակի։

Ավինյանի խոսքով՝ պահանջը չկատարելու դեպքում նախատեսվում է 30 հազար դրամ տուգանք՝ վթարի յուրաքանչյուր մասնակցի համար։

«Հենց նոր ականատես եղա ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել»,- գրել է քաղաքապետը՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը։