Նախագծի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց մոտ արգելված առարկաների ներթափանցման դեպքերի կանխարգելման, ինչպես նաեւ գործող վարչական պատասխանատվության միջոցների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հունիսի 17-ին հրավիրված ԱԺ հերթական նիստի ընթացքում ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախարարի խոսքով գործող կարգավորումների վերլուծությունը ցույց է տալիս, որ սահմանված վարչական տույժերը բավարար չափով չեն զսպում իրավախախտումները: Մասնավորապես, գրանցվում են դեպքեր, երբ անձինք կատարում են արգելված առարկաների փոխանցում կամ դրա փորձ, վճարում են մեղմ տուգանքը եւ կրկին կատարում նույն իրավախախտումը:
Նախագծով նախատեսվում է ներդնել վարչական պատասխանատվության խստացում, բռնագրավման մեխանիզմ եւ տուգանքների վերանայում:
Նշվել է, որ սահմանվել է վարչական պատասխանատվություն քրեակատարողական հիմնարկի ներքին եւ արտաքին օբյեկտներում մշտական պահակետով անցած եւ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ անձնական զննում անցած անձանց կողմից իր մոտ արգելված առարկա պահելու համար:
Որպես վարչական տույժ՝ նախատեսվել է իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը:
Վերանայվել են տուգանքների չափերը՝ դրանք դարձնելով ավելի արդյունավետ:
Նախագծով առաջարկվում է նաեւ նախատեսել վարչական պատասխանատվություն քրեակատարողական հիմնարկի ներքին եւ արտաքին օբյեկտներում սահմանված կարգով խուզարկություն անցած անձանց կողմից արգելված առարկա պահելու դեպքերի համար: Ընդ որում, դրանք կարող են չհանձնվել անազատության մեջ պահվող անձանց, այլ հայտնաբերվել, օրինակ՝ տեսակցության սենյակում:
Նախագիծը նպատակ ունի բարձրացնել քրեակատարողական համակարգի անվտանգության մակարդակը՝ վերանայելով եւ խստացնելով գործող կարգավորումները:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը:
