Նախօրեին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված էգ առյուծը սատկել է։ Այգուց հայտնում են, որ կենդանին, մեծ տարիքով և բազմաթիվ ուղեկցող հիվանդություններով պայմանավորված, քնեցումից հետո չի արթնացել։
Կենդանաբանական այգու տեղեկացմամբ՝ մահվան պատճառները հաստատվել են նաև հերձման արդյունքներով։ Մասնագետները արձանագրել են, որ առյուծի օրգան համակարգերը եղել են ծանր ախտահարված։
Մասնավորապես, ախտահարումներ են հայտնաբերվել փայծաղում, լյարդում, թոքերում և սրտում։ Բացի այդ, լեղապարկում արձանագրվել են խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է եղել ճարպակալում, իսկ որովայնի խոռոչում՝ ազատ հեղուկ, ինչը բժիշկների գնահատմամբ տարիքային փոփոխությունների հետևանք է։
Հիշեցնենք, որ էգ առյուծը նախօրեին տեղափոխվել էր Երևանի կենդանաբանական այգի՝ մասնագետների հսկողության և խնամքի ներքո։ Սակայն, չնայած գործադրված ջանքերին, կենդանու կյանքը փրկել չի հաջողվել։
