Մոսկվա–Երևան ուղիղ երթուղու փոփոխություն․ որտեղից են այսուհետ մեկնելու ավտոբուսները

Մոսկվայից դեպի Երևան ուղիղ ավտոբուսային երթուղին այսուհետ կգործարկվի «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը։

Նրա խոսքով՝ «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանը մայրաքաղաքի հարավային հատվածի կարևոր տրանսպորտային հանգույցներից է, որտեղից իրականացվում են ավելի քան 170 միջքաղաքային և միջազգային երթուղիներ։ Այժմ այդ ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը։

Դեպի Երևան ավտոբուսները կմեկնեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի։ Ուղևորները տոմսերը կարող են ձեռք բերել առցանց՝ «Метро Москвы» («Մոսկվայի մետրո») բջջային հավելվածի «Միջքաղաքային ավտոբուսներ» բաժնի միջոցով։