Obyektive.am-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկանում է, որ քաղաքային տրանսպորտային համակարգի բեռնաթափման նպատակով դիտարկվում է քաղաքի մուտքերին մեծ ավտոկայանատեղիների ստեղծման գաղափարը։
Երևանում տրանսպորտային հոսքերի նվազեցման նպատակով քննարկվում է քաղաք մտնող հիմնական մուտքերի մոտ մեծ ավտոկայանատեղիների կառուցումը։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով խնդրին, ընդգծել է, որ իրավիճակի հիմնական լուծումը հանրային տրանսպորտի արդյունավետ աշխատանքի ապահովումն է և քաղաքում, հատկապես ծանրաբեռնված հատվածներում, մասնավոր մեքենաների մուտքի նվազեցումը։
«Քաղաքի մուտքերի մոտ պետք է առանձնացնել այն կետերը, որտեղ ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ։ Մարդիկ թողնելու են իրենց անձնական մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով։ Երևանի՝ մանավանդ փոքր կենտրոնի փողոցները ավելի լայնանալու տեղ չունեն, և եթե մենք ամիս առ ամիս ուղևորահոսքի մեջ ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում, ապա առաջին ու միակ բանը, որ մենք պետք է անենք, հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում առանձնացված գծեր տալն է, որպեսզի հանրային տրանսպորտով ուղղությունները դառնան էլ ավելի արագ ու հարմար»,– ընդգծել է քաղաքապետը։
