Ավարտվել է 1-ամյա երեխայի սպանության գործի նախաքննությունը. խորթ մայրը կկանգնի դատարանի առաջ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Ռ.Ե.-ն, իրենից կախվածության մեջ գտնվող և փաստացի իր խնամքին հանձնված 1 տարեկան երեխային մեղադրելով ընտանիքում անհաշտ և անախորժ իրավիճակների պատճառ դառնալու մեջ, 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին պարբերաբար ֆիզիկական բռնության է ենթարկել նրան՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին և գլխին։
Ըստ քննության տվյալների՝ մարտի 15-ին կինը, երեխային ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, հարվածել է նրա գլխին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով երեխան մահացել է։
Ռ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անօգնական վիճակում գտնվողի սպանություն) և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հանցավորից կախվածության մեջ գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։
Խորթ մայրը կալանավորված է։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Նշվում է, որ հանցագործության համար մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
