Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ մինչև վերահաշվարկների և արդյունքների ամփոփման ավարտը հնարավոր չէ հստակ խոսել Ազգային ժողովի մանդատների վերջնական բաշխման մասին։
«Որպեսզի մանդատ հաշվարկվի, պետք է հստակ լինի, թե որ քաղաքական ուժերն են հաղթահարել ընտրական շեմը և որքան կողմ ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժը։ Մինչև վերահաշվարկը չավարտվի և արդյունքները վերջնական չդառնան, մանդատների մասին խոսելը վաղաժամ է»,- ասել է Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ մանդատների բաշխման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով․ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի ստացած կողմ ձայները բազմապատկվում են 101-ով, ապա ստացված թիվը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի կողմ ձայների ընդհանուր թվի վրա։
ԿԸՀ նախագահը նշել է, որ այս պահին դեռևս պարզ չէ՝ մանդատների բաշխմանը կմասնակցեն երեք, թե չորս քաղաքական ուժեր, ուստի վերջնական պատկերը հնարավոր կլինի ներկայացնել միայն բոլոր արդյունքների ամփոփումից հետո։
