ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթով 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանց թվում է նաև կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։ Ինչպես տեղեկացավ Օբյեկտիվ.am-ը, ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու մասին։
Օբյեկտիվ.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2009-2016 թվականներին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանը, ինչպես նաև մի շարք այլ անձինք, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ներգրավված են եղել Երևանի Պուշկինի փողոցում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում։
Ըստ ՔԿ-ի՝ խոսքը վերաբերում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի փողոցի 38/1 հասցեում գտնվող, շուրջ 208,9 մլն դրամ արժեքով և 451,1 քմ մակերեսով անշարժ գույքին ու դրան կից հողամասին, որը, ըստ նախաքննության, կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել պետական սեփականությունից և փոխանցվել մասնավոր անձանց։
Նախաքննական մարմնի տվյալներով՝ գործընթացում ներգրավված են եղել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդին, ինչպես նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ղեկավար կազմի ներկայացուցիչներ և այլ անձինք։
Քննչական կոմիտեն նշում է, որ հետագայում գույքի իրական պատկանելիությունը քողարկելու նպատակով այն սկզբում ձևակերպվել է այլ անձի անունով, իսկ հետո վաճառվել ու գրանցվել Գագիկ Խաչատրյանի որդու անվամբ՝ 75 մլն դրամով։
Քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, ինչպես նաև խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրան օժանդակելու հոդվածներով։
ՔԿ-ից հայտնում են, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու մասին։ Նախաքննությունը շարունակվում է։
Ձերբակալվել են ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, Արման Սահակյանը և ևս 5 անձ
