ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է վերջին ամիսներին հանրության առաջ հաճախ հայտնվում ձեռնափայտով։
Երգչուհին Յուրմալայում անցկացվող փառատոնի շրջանակում պատմել է, որ ընկնելու հետևանքով կոտրել է ոտքն ու կոնքազդրային հոդը, ինչի պատճառով շուրջ չորս ամիս եղել է լիովին անշարժ։
«Չորս ամիս անշարժ էի։ Անկեղծ ասած՝ չէի հավատում, որ նորից կկարողանամ ոտքի կանգնել։ Ունեի խուճապային նոպաներ, շատ ծանր շրջան էր»,– ասել է Պուգաչովան։
Նրա խոսքով՝ բժիշկները զգուշացրել էին, որ վերականգնումը կարող է տևել մինչև վեց ամիս։ Այժմ նա շարունակում է հաղթահարել ցավը և հույս ունի ամբողջությամբ ապաքինվել առաջիկա երեք-չորս ամսվա ընթացքում։
Պուգաչովան նշել է, որ ձեռնափայտն օգտագործում է միայն մարդկանց մեծ կուտակումների ժամանակ՝ ավելի վստահ քայլելու համար։ Միաժամանակ նա հերքել է շրջանառվող լուրերը, թե առողջական խնդիրները կապված են սրտի վիրահատության հետ՝ ընդգծելով, որ դրա պատճառը բացառապես ստացած կոտրվածքներն են։
