Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ։
ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 91-ը:
Նա ընտրվեց 63 կողմ և 28 դեմ ձայներով:
Նրա թեկնածությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ մասնակցելու են քվեարկությանը, բայց դեմ են քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը, իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու փակ քվեարկությանը:
Ռուբեն Ռուբինյանը ծնվել է 1990 թվականի մարտի 8-ին Երևանում: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ապա սովորել է աշխարհի 8-րդ լավագույն համալսարանում՝ Լոնդոնի համալսարանական քոլեջում՝ ստանալով մագիստրոսի կոչում, մասնագիտացումը՝ քաղաքականություն և անվտանգություն: Սովորել է նաև Լեհաստանի Յագելոնյան համալսարանում՝ ստանալով եվրոպագիտության մագիստրոսի կոչում: Պրակտիկա է անցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչությունում: Աշխատել է «Արարատնյուզ» լրատվական կայքում, «Բեթ քոնսթրաքթ» ընկերությունում՝ որպես թարգմանիչ:
2017-2018 թվականներին Թուրքիայում ծայրահեղականի կողմից սպանված հայ լրագրողի՝ Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրով գիտական հետազոտություն է իրականացրել Ստամբուլում:
2018-2019 թվականներին եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, 2018-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակով: 2019-ի հունվարի 18-ին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել:
2021-ի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:
2021-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ:
2022-2026 թվականերին եղել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ:
2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հիմնադիր անդամ է, վարչության անդամ:
2012-2014 թվականներին ծառայել է ԶՈՒ-ում: 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով:
Ամուսնացած է, ունի 1 զավակ:
