Տիգրան Արզաքանցյանը 200 հազար դրամով տուգանվել է. չի ներկայացրել հայտարարագիրը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժ է կիրառել «Ուժը հայրենյաց» կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ՝ 2024 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետում և դրանից հետո տրամադրված լրացուցիչ ժամկետում չներկայացնելու համար։ Նրա նկատմամբ նշանակվել է 200 հազար դրամ վարչական տուգանք։

Որոշման համաձայն՝ Արզաքանցյանը պարտավոր էր ներկայացնել 2024 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը, սակայն դա չի արել օրենքով սահմանված ժամկետում։ Դրանից հետո Հանձնաժողովը նրան մի քանի անգամ ծանուցել է՝ ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ փոստային ծառայության միջոցով՝ տրամադրելով լրացուցիչ 30-օրյա ժամկետ հայտարարագիրը ներկայացնելու համար։

Փաստաթղթում նշվում է, որ ծանուցումը Տիգրան Արզաքանցյանը ստացել է 2026 թվականի մայիսի 18-ին, սակայն դրանից հետո ևս հայտարարագիրը չի ներկայացրել։ Հանձնաժողովը նրան տեղեկացրել է նաև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և գործի քննության օրվա մասին, այդ թվում՝ հրապարակային ծանուցման և WhatsApp հավելվածով ուղարկված ձայնային հաղորդագրության միջոցով, սակայն նա չի ներկայացել և որևէ պարզաբանում չի ներկայացրել։

Գործի քննության ընթացքում Հանձնաժողովը պարզել է, որ Տիգրան Արզաքանցյանը 2023 թվականի հունվարի 17-ից հանդիսանում է «Ուժը հայրենյաց» կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամ և, որպես հայտարարատու պաշտոնատար անձ, պարտավոր էր ներկայացնել գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։

Հանձնաժողովը եզրակացրել է, որ Արզաքանցյանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, իսկ գործի քննության օրվա դրությամբ հայտարարագիրը շարունակում էր չներկայացված մնալ։ Որոշման մեջ նաև նշվում է, որ վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ չեն արձանագրվել։

Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ 200 հազար դրամի չափով տուգանք։ Որոշումն ուժի մեջ կմտնի այն սահմանված կարգով հանձնելու կամ հանձնված համարվելու հաջորդ օրը և կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։