Պատմական ռեկորդ․ «Մայքլ» ֆիլմը դարձել է աշխարհի ամենաշատ եկամուտ բերած կենսագրական ֆիլմը

Մայքլ Ջեքսոնի կյանքի մասին պատմող «Մայքլ» կենսագրական ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հատել է 1 միլիարդ դոլարի սահմանը՝ դառնալով պատմության մեջ առաջին բայոպիկը, որն արձանագրել է նման արդյունք։

Ֆիլմը միջազգային շուկաներում հավաքել է 629,8 միլիոն դոլար, իսկ ԱՄՆ-ում՝ ևս 371,8 միլիոն դոլար։ Ընդհանուր հասույթը կազմել է 1,001 միլիարդ դոլար։

Ֆիլմը մեծ հաջողություն էր գրանցել դեռևս առաջին ցուցադրության շաբաթվա ընթացքում՝ ԱՄՆ-ում հավաքելով 97 միլիոն դոլար, իսկ ամբողջ աշխարհում՝ 217 միլիոն դոլար։ Այս ցուցանիշով այն գերազանցել էր երաժշտական կենսագրական ֆիլմերի նախկին ռեկորդը, որը պատկանում էր «Straight Outta Compton» ֆիլմին։

«Մայքլ»-ը դարձել է պատմության ամենաեկամտաբեր երաժշտական բայոպիկը՝ գերազանցելով «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի 911 միլիոն դոլարի արդյունքը։ Այն նաև անցել է իրական իրադարձությունների հիման վրա նկարահանված «Օպենհայմեր» ֆիլմի ցուցանիշը, որը հավաքել էր շուրջ 975 միլիոն դոլար։

Ֆիլմը դարձել է նաև Lionsgate կինոստուդիայի պատմության մեջ առաջին նախագիծը, որը հաղթահարել է միլիարդ դոլարի սահմանը։

Ռեժիսորն է Անտուան Ֆուկուան։ Ֆիլմը ներկայացնում է Մայքլ Ջեքսոնի ճանապարհը՝ սկսած Jackson 5 խմբում նրա ելույթներից մինչև համաշխարհային փոփ-աստղ դառնալը։

Գլխավոր դերը կատարել է Ջաաֆար Ջեքսոնը՝ Մայքլ Ջեքսոնի եղբորորդին, որի համար այս նախագիծը դարձել է դերասանական դեբյուտ։ Երգչի ծնողների կերպարները մարմնավորել են Քոլման Դոմինգոն և Նիա Լոնգը։

Կինոարդյունաբերությունում արդեն քննարկվում է ֆիլմի հնարավոր շարունակության ստեղծման հարցը՝ հաշվի առնելով նախագծի մեծ կոմերցիոն հաջողությունը։