Ժաննա Ֆրիսկեի մահից անցել է 11 տարի։ Երգչուհին շուրջ երկու տարի պայքարում էր ուղեղի քաղցկեղի դեմ, իսկ նրա բուժման համար ժամանակին կազմակերպվել էր համաշխարհային դրամահավաք։ Տարիներ անց նրա մտերիմ ընկերուհիներից մեկը որոշել է խախտել լռությունը և պատմել երգչուհու կյանքի վերջին շրջանի մասին։
Եկատերինա Ստեռնը, ով Ժաննա Ֆրիսկեի ընկերուհին էր 2006 թվականից, նշել է, որ երգչուհու մահից հետո ընկերները պայմանավորվել էին չխոսել նրա մասին՝ չվնասելու նրա հիշատակին։ Սակայն այժմ նա որոշել է պատմել իր տեսածի մասին։
Ստեռնի խոսքով՝ Ֆրիսկեն կարողացել է ինքնուրույն հղիանալ, և արտամարմնային բեղմնավորում չի կիրառվել։ Նա նաև պատմել է, որ երգչուհու բուժման հարցերում մեծ դեր է ունեցել նրա զուգընկեր Դմիտրի Շեպելևը։
Ըստ ընկերուհու՝ Շեպելևը սահմանափակել է Ժաննայի շրջապատի հետ կապերը և թույլ չի տվել, որպեսզի այլ մարդիկ միջամտեն բուժման գործընթացին։
«Կային մարդիկ, ովքեր պատրաստ էին ֆինանսապես օգնել և նրան տեղափոխել լավագույն կլինիկաներ, սակայն նա դեմ էր դրան»,– ասել է Ստեռնը։
Նա նաև կոշտ գնահատականներ է տվել Շեպելևին՝ նրան անվանելով մանիպուլյատոր և նշելով, որ Ժաննան, հնարավոր է, հավատում էր նրան, քանի որ ցանկանում էր վստահել իր կողքին գտնվող մարդուն։
Նշենք, որ այս հայտարարությունները ներկայացնում են միայն Ժաննա Ֆրիսկեի ընկերուհու տեսակետը։
