Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը 2028 թվականի հունվարի 1-ից կներառի երկրի բոլոր քաղաքացիներին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Նախարարի խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը հետադարձ չունեցող գործընթաց է և առաջիկա տարիներին փուլ առ փուլ կընդլայնվի՝ ընդգրկելով նոր շահառուների խմբեր։
Ավանեսյանը տեղեկացրել է, որ 2027 թվականից համակարգին կմիանան մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները, ինչպես նաև տաքսի ծառայություններում գործունեություն իրականացնող վարորդները։
Նրա խոսքով՝ 2028 թվականին կավարտվի բոլոր նախատեսված խմբերի ընդգրկման գործընթացը, ինչից հետո առողջության համընդհանուր ապահովագրությունը կգործի ամբողջ բնակչության համար։
Միաժամանակ նախարարը նշել է, որ համակարգը չի ծածկելու բոլոր բժշկական ծառայությունները, այլ կներառի առաջնային և անհրաժեշտ առողջապահական ծառայությունների փաթեթը, որն ուղղված է հանրային առողջության հիմնական խնդիրների լուծմանը։
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ պետությունը շարունակելու է ընդլայնել պետական պատվերի շրջանակում մատուցվող ծառայությունների ցանկը՝ հաշվի առնելով քաղաքացիների կարիքներն ու պետության ստանձնած պարտավորությունները։
