1.3 մլրդ դրամի ծրագիրը ուշանում է․ նոր ժամկետ՝ մարզահամերգային համալիրի համար

ՀՀ կառավարությունը նախատեսում է երկարաձգել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին տրամադրված ավելի քան 1.3 միլիարդ դրամ բյուջետային վարկի մարման ժամկետը։

Համապատասխան նախագծի համաձայն՝ համալիրի օդափոխության համակարգի վերազինման, հակահրդեհային համակարգի ստեղծման և էլեկտրական համակարգի արդիականացման աշխատանքների ավարտը նախատեսված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել, ինչի հետևանքով առաջարկվում է վարկի մարման ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել երեք տարի։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին պետական բյուջեից տրամադրվել էր 1 մլրդ 343 մլն 651 հազար դրամ բյուջետային վարկ՝ ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տարեկան 7.25 տոկոս տոկոսադրույքով։

Կառավարության ավելի վաղ որոշմամբ սահմանվել էր, որ համալիրում իրականացվող վերազինման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։ Սակայն ընկերության ղեկավարության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների պատճառով այդ ժամկետը պահպանել հնարավոր չէ։

Նախագծով առաջարկվում է փոփոխել գործող որոշումը և վարկի մարման ժամկետը երկարացնել մեկ տարով։ Ընդ որում, նշվում է, որ փոփոխությունը պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների էական փոփոխություն չի առաջացնի և լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսում։

Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից և ներկայացվել է հանրային քննարկման։