ՀՀ գլխավոր դատախազության համակարգում երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ են կիրառվել՝ ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար։
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2026 թվականի հունվարի 21-ին Սիսիանի և Կապանի կայազորների զինվորական դատախազություններում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ հարուցվել էին կարգապահական վարույթներ։
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը հունիսի 10-ին կայացած նիստում հաստատված է համարել կարգապահական խախտումների առկայությունը։ Ըստ հանձնաժողովի՝ դատախազները, պատասխանատու լինելով մինչդատական վարույթի օրինականության ապահովման համար, սահմանված ժամկետներում չեն պահանջել մի շարք քրեական վարույթներ վարույթն իրականացնող մարմիններից և ժամանակին չեն ընդունել համապատասխան դատախազական ակտեր։
Գլխավոր դատախազի հունիսի 12-ի որոշմամբ Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ։ Ավելի մեղմ տույժի կիրառումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ տվյալ դատախազը, բացի իր հսկողության ներքո գտնվող քրեական վարույթների նկատմամբ վերահսկողությունից, նաև ղեկավարել և կազմակերպել է Կապանի կայազորի զինվորական դատախազության գործունեությունը։
Միաժամանակ, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվել է ավելի խիստ կարգապահական տույժ՝ «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով»։
Դատախազության համակարգում իրականացված կարգապահական վարույթների արդյունքում արձանագրված խախտումների համար պատասխանատու պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության։
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել
