Աշտարակի համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։ Այս մասին սոցիալական ցանցում ահազանգել է «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը։
Նրա փոխանցմամբ՝ բժշկական եզրակացության համաձայն՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։ Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ անչափահասի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Նշվում է նաև, որ երեխան հիշողության կորուստ ունի, իսկ բժիշկների գնահատմամբ՝ նա թմրամիջոց առաջին անգամ է օգտագործել։
Կարինե Թորոսյանի խոսքով՝ ենթադրվում է, որ նյութը երեխային փոխանցվել է քաղցրավենիքի միջոցով։ Նա կոչ է արել իրավապահներին գործը վերցնել հատուկ վերահսկողության տակ, բացահայտել բոլոր հանգամանքները, հայտնաբերել թմրամիջոցի աղբյուրը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Դեպքին արձագանքել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ հաղորդումն արդեն ստացվել է, և իրականացվում են համապատասխան միջոցառումներ։
«Դեպքը ՆԳՆ ոստիկանության ղեկավարության կողմից հսկողության տակ է։ Հավելյալ տեղեկություն ունենալուն պես՝ կհայտնեմ»,– նշել է Սարգսյանը։
