Կնոջը մեղադրում են կեղծ փաստաթղթով ՀՀ քաղաքացիություն ստանալու փորձի համար

Երևանի քրեական դատարանում քննության է ընդունվել Եվգենիա Բորիսի Ֆոմիչևայի վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին Օբյեկտիվ․am-ը տեղեկանում է Դատալեքսից։

Ըստ մեղադրանքի՝ Ֆոմիչևան նախաքննությամբ դեռևս չպարզված անձից ձեռք է բերել իր հոր՝ Բորիս Գրիգորիի Օլշանսկիի անվամբ տրված II-PS 152527 սերիայի կեղծ ծննդյան վկայականը։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ փաստաթղթում նշված է եղել, թե Օլշանսկիի մայրը ազգությամբ հայ Գայանե Վարդանի Մանուկյանն է, ինչը կարող էր հիմք հանդիսանալ ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի համար։

Քննության տվյալներով՝ Եվգենիա Ֆոմիչևան 2024 թվականի նոյեմբերի 20-ին նշված փաստաթուղթը, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով։

Գործը դատարան է մուտքագրվել 2026 թվականի հունիսի 5-ին՝ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունից։ Նախագահող դատավորը Մասիս Մելքոնյանն է։

Ֆոմիչևայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։