Ընտրական հանցագործությունների 117 վարույթ․ 86 անձի նկատմամբ քրեական հետապնդում․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ։ Այս մասին Օբյեկտիվ․am տեղեկանում է ՔԿ-ից։

Վարույթների շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ։

Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ վարույթները վերաբերում են տարբեր հոդվածներով նախատեսված ենթադրյալ ընտրական իրավախախտումներին, այդ թվում՝

  • 210-րդ հոդվածով (ընտրական իրավունքների իրականացումը խոչընդոտելը)՝ 8 վարույթ
  • 211-րդ հոդվածով (քարոզչությանը խոչընդոտելը կամ հարկադրելը)՝ 45 վարույթ
  • 214-րդ հոդվածով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը)՝ 6 վարույթ
  • 215-րդ հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը)՝ 6 վարույթ
  • 236-րդ հոդվածով (հավաքներին մասնակցելու կամ չմասնակցելու հարկադրելը)՝ 41 վարույթ
  • 449-րդ հոդվածով (տեղեկատվություն թաքցնելը)՝ 9 վարույթ
  • 218 և 219-րդ հոդվածներով (ընտրակաշառք ստանալը և տալը)՝ 1 վարույթ
  • 221-րդ հոդվածով (բարեգործության արգելքի խախտում)՝ 1 վարույթ

Նշվում է նաև, որ 117 վարույթից 9-ը՝ 16 անձի վերաբերյալ, արդեն ուղարկվել է դատարան՝ մեղադրական եզրակացությամբ։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ իրականացվել են մեծ ծավալի ապացուցողական գործողություններ․ հարցաքննվել է շուրջ 1200 անձ, կատարվել է մոտ 280 խուզարկություն։

ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննությունները շարունակվում են։