Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզորը, Բելառուսի տարածքով Ռուսաստան ներմուծելու փորձի ժամանակ հայտնաբերել է Հայաստանից ուղարկված 39,2 հազար թարմ կտրված վարդերի խմբաքանակ։
Գերատեսչության տվյալներով՝ Սմոլենսկի մաքսատանը կանգնեցվել է բեռնատար, որը տեղափոխում էր Ռուսաստան ներմուծման համար սահմանափակված ծաղիկներ։ Մեքենան Բելառուսի քաղաքացու կառավարմամբ Մինսկի մարզից շարժվում էր դեպի Մոսկվա։
Սակայն ուղեկցող փաստաթղթերում բեռը ներկայացված է եղել որպես ոչ ալկոհոլային տոնուսավորող ըմպելիքներ։ Ստուգման ընթացքում բեռնատարում հայտնաբերվել են վարդեր, որոնց համար չեն եղել անհրաժեշտ բուսասանիտարական և ապրանքաուղեկցող փաստաթղթեր։
Պահպանված մակնշումներից պարզվել է, որ ծաղիկները հայկական ծագում ունեն։ Ռոսսելխոզնադզորը նշել է, որ Հայաստանից ՌԴ ծաղիկների մատակարարումների և տարանցման սահմանափակումները գործում են մայիսի 22-ից, իսկ հունիսի 12-ից սահմանափակվել է Հայաստանից ծագող մի շարք կարանտինային ապրանքների ներմուծումը։
Գերատեսչության պարզաբանմամբ՝ սահմանափակումները կապված են Ռուսաստանի տարածք վտանգավոր կարանտինային օբյեկտների ներթափանցման ռիսկերի հետ։
Հուլիսի 23-ին որոշվել է ոչնչացնել ապօրինի տեղափոխվող վարդերի խմբաքանակը, իսկ բեռը տեղափոխող անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
